Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆ Է

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆ Է
08.07.2011 | 00:00

Ի՞նչ գործոններ են ազդում երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վրա։ Մասնագիտության ընտրության հարցում այսօր մեծ դեր են խաղում ծնողների ցանկությունը, շրջապատում ընդունված կարծրատիպերը և շատ հազվադեպ՝ աշխատաշուկայի պահանջները: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն ՀԱՅԿՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` երիտասարդների գործազրկության հիմնական պատճառը մասնագիտական կողմնորոշման խնդիրն է։ Հայկուհի Գևորգյանը, ներկայացնելով ՀՀ երիտասարդության ազգային զեկույցի տվյալները, նշեց, որ երիտասարդների մոտ 75,5 տոկոսը տանը նստած չի փնտրում աշխատանք, երիտասարդների 56 տոկոսը չի աշխատում իր մասնագիտությամբ: Այսինքն, երիտասարդը բավականին մեծ միջոցներ է ներդնում իր կրթության վրա, բայց այդ միջոցները չեն վերադարձվում։ «Երեխան առաջին դասարանից պետք է ինքնաբացահայտվի, հասկանա՝ ինչ է մասնագիտությունը, ինչ է մասնագիտության գիտակցված ընտրությունը»,- նշեց Հայկուհի Գևորգյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ հաճախ երիտասարդները դիմում են այս կամ այն գործատուին՝ աշխատանքի դիմելու տարրական հմտություններ չունենալով։ Այս խնդիրները լուծելու համար Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնն անցկացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ գործատուին ներկայանալու, ինքնակենսագրություն գրելու, աշխատանքային միջավայրում հաղորդակցվելու, աշխատանքային իրավահարաբերությունների մասին դասընթացներ։ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը մեծապես կարևորում է նաև դպրոցներում տարվող աշխատանքները։
«Մասնագիտական ընտրությունը պարզապես ծնողի խորհուրդը կամ հասարակական կարծիքը չէ. դրանցից շատ ավելի խորքային բաներ կան՝ ինչպես անձի բացահայտումը, այնպես էլ աշխատաշուկայի մասին պատկերացում կազմելը»,- նշեց Հայկուհի Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում շրջանառության մեջ կմտնի հայեցակարգ, խնդիր կդրվի այս հարցում պետական քաղաքականություն ունենալու՝ սկսած առաջին դասարանից: Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի աշխատակիցներն ունենում են հանդիպումներ գործատուների հետ, այցելություններ ձեռնարկություններ, փորձում են միջնորդել երիտասարդների պրակտիկայի կազմակերպման, նաև աշխատանքի տեղավորման հարցերում:
Երիտասարդներին և ուսանողներին աշխատաշուկայում ինտեգրվելուն օժանդակում են նաև բուհերում գործող կարիերայի կենտրոնները։ ԵՊՀ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշում է, որ կենտրոնի համագործակցության շրջանակը բավականին լայն է. աշխատանքներ են տարվում պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։ «Կան մի շարք խոչընդոտներ, որոնք առկա են երիտասարդի աշխատանք գտնելու գործում։ Դա և՛ աշխատանքային փորձի բացակայությունն է, և՛ կրթության ցածր մակարդակը, բայց գլխավոր խոչընդոտը, ըստ իս, հոգեբանական է։ Մենք սովոր ենք մի տեղ դիմելու և, մերժվելու դեպքում, նորից չփորձելու, հուսահատվելու»,- նշեց Լիլիթ Հակոբյանը։
Շուկայական հարաբերությունների պարագայում գործատուի համար շատ կարևոր են իր բիզնեսը և մրցակցությունից դուրս չմնալը: «Փոխվել են ժամանակները, երբ աշխատաշուկա էին մտնում ծանոթ-բարեկամի միջոցով։ Այսօր այդ ծանոթ-բարեկամից հետո պետք է կարողանաս քեզ արդարացնել, հակառակ դեպքում գործատուն քեզ հաստատ չի պահի, որովհետև ժամանակի ընթացքում նա կարող է մրցակցությունից դուրս մնալ և բիզնեսը կորցնել։ Գործատուները շատ-շատ են փոխվել. 15-20 տարի առաջ նրանք այլ պահանջ էին դնում, այսօր՝ բոլորովին այլ։ Նույնիսկ շատ գործատուներ պատրաստ են բավականին լուրջ միջոցներ ծախսելու` երիտասարդների որակավորումը բարձրացնելու համար»,- նշեց Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը՝ ավելացնելով, որ աշխատաշուկայում այսօր որակյալ մասնագետի պահանջ կա։ Նա նաև շեշտեց, որ կարիերան ավելին է, քան աշխատանքը. կարիերան սկսվում է դեռևս առաջին դասարանից, երբ երեխայի մեջ ձևավորվում են մասնագիտության նկատմամբ որոշակի հետաքրքրություններ, անձնային որակներն են զարգացվում: Նրա համոզմամբ՝ պետք չէ միայն աշխատաշուկայի պահանջարկը հաշվի առնել, քանի որ հնարավոր չէ կանխատեսում անել առաջին դասարանի երեխայի համար, ով տարիներ անց միայն պետք է աշխատաշուկա մտնի:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2503

Մեկնաբանություններ